ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Ազգասիրության, արդարության մասին խոսելով հո չի՞, գործով պետք է ապացուցեն»

«Ազգասիրության, արդարության մասին խոսելով հո չի՞, գործով պետք է ապացուցեն»
13.05.2013 | 18:11

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ ՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ արդեն երեք օր Ազատության հրապաարկում նստացույց է անում մի շարք պահանջներով, որոնք առնչվում են ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքների վերանայմանը, կենսաթոշակի վերահաշվարկմանն ու մի շարք այլ հարցերի: Այսօր Վոլոդյա Ավետիսյանը իր մարտական ընկերների հետ վարչապետի ներկայացուցչին հանձնեց նստացույցի պահանջ-նամակը:
Ներկայացնում ենք irates.am-ի զրույցը գնդապետի հետ:
-Ինչո՞ւ գնացիք պատերազմ, քանի՞ տարեկան էիք:
-Առաջին միտինգներից շարժման մեջ էի, միշտ առաջնային գծում եմ եղել: 25 տարեկան էի: Անկախության բանակ կազմավորվեց` Լեոնիդ Ազգալդյանի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, ես զինվորագրվեցի էդ կազմակերպությանը, քանի որ գաղափարը բանակն էր: Հետո Հանրապետական կուսակցությունը ստեղծվեց, մեր տղաների կեսը մտավ կուսակցության ջոկատի մեջ, իսկ մյուս թևը, Ազգալդյանի հետ, մնաց Անկախության բանակում: Իհարկե, Հանրապետականի ջոկատի հետ միշտ համագործակցել ենք: Մեր կառույցի գաղափարը կանոնավոր բանակ ստեղծելն էր: 1989 -ին գնացել ենք Վարդենիս և այլ սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակոցներ են եղել: Իմ` շարժման մեջ մտնելու պատճառը եղել է, հիմա այդ բառը արժեզրկվել է իհարկե, հայրենասիրությունը, ազգային արժանապատվությունը: Իսկ Ղարաբաղ իմ առաջին մարտական ուղևորությունը 1991-ին էր: Շահումյան ենք իջել ուղղաթիռով: Շահումյանում Շահեն Մեղրյանի հետ ենք համագործակցել բավականին ժամանակ: Շահումյանը թողնելուց հետո Մարտակերտի մարտերին եմ մասնակցել, հետո եկել ենք Վարդենիս, Վարդենիսի գունդն ենք ստեղծել 1993-ին, դրանից հետո մտել ենք Քելբաջար: Այդ ժամանակ արդեն զորամասի սպա էի, հրամանով հրամանատարի տեղակալն էի: Հրամանատարը ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանն էր: Քելբաջարն ազատագրելուց հետո էնտեղ երեք-չորս ամիս մնացել եմ որպես ճակատի հրամանատար, որից հետո գործուղվել եմ Խոջալուի ուսումնական կենտրոն` զինվորներ պատրաստելու:
-Դուք պաշտպանության նախարարությունում եք ծառայել, ինչո՞ւ թողեցիք աշխատանքը, չէ՞ որ երիտասարդ եք:
-Հոգնել էի: Դեռ մի 6 տարի էլ կարող էի ծառայել, բայց դուրս եկա: Վեց երեխա ունեմ, երեքը` անչափահաս: Ցանկացա մի քիչ էլ ընտանիքիս համար ապրել: Փոքրիկ տնտեսություն եմ ստեղծել, զբաղվում եմ իմ այգով, երեխաներիս եմ դաստիարակում:
-Շա՞տ զոհված ընկերներ ունեք:
-Անկախության բանակից մենք զոհեր քիչ ենք տվել, որովհետև առաջին օրվանից պատրաստվել ենք պատերազմի, զինվորական պատրաստվածություն ունեինք: Ես ինքս էլ ծառայել եմ ԽՄ բանակում, եղել եմ վեց ամիս ուսումնական կենտրոնում, Սախալինում եմ ծառայել և զինվորական պատրաստվածություն ունեի:
-Պատերազմի տարիներին մարտի դաշտում շատ բան տեսած կլինեք: Կա՞ որևէ դրվագ, դիպված, որը Ձեզ երբեք մոռացնել չի տա պատերազմը:
-Ես ցեղասպանություն տեսածների ժառանգներից եմ, իսկ ինքս էդ ցեղասպանությունը տեսել եմ Մարաղայում: Էդ գյուղի ազատագրմանը անձամբ մասնակից եմ եղել: Գյուղի ջոկատի հրամանատարը Ռոմանն էր, Գագիկ կար` Մարտակերտի շտաբի պետն էր, զանգեց ասաց` գյուղում վիճակը շատ վատ է, մեծ ուժեր են գալիս տանկերով, եկեք օգնության: Երբ հասանք, գյուղի կեսն արդեն չկար, վերցրել էին ադրբեջանցիները: Կեսօրին հասել ենք, մինչև հաջորդ առավոտ պատերազմ էր, մարտ էր մղվում: Երբ հետ վերցրեցինք գյուղը, մոտ 50-60 հայերի տարբեր տարիքի` պապիկներ, տատիկներ, կանայք ու երեխաներ, ովքեր չէին կարողացել գյուղից դուրս գալ, որովհետեւ հարձակումը արագ էր եղել, ադրբեջանցիները գլուխները… լխկել էին, ուղեղները թափվել էր դուրս… Մարդուն կարելի է սպանել մի գնդակով, բայց էսպես… Սահմռկեցուցիչ էր: Նման տեսարան միայն ցեղասպանության թանգարում կա, դա էր … Էնտեղ ընդհանուր գերեզմանում թաղեցինք բոլորին: Էդ դեպքն է, որ իմ մեջ շատ ծանր հետք է թողել: Թշնամին չի նայում մեր ու մանուկ, նրանց հետաքրքիր չի, որ մեր տարածքը վերցնեն, նրանց հետաքրքիր է, որ մեր տեսակը վերացնեն…
-Իսկ ինչո՞ւ որոշեցիք նստացույց անել: Ազատամարտիկները միշտ անապահով խավի մեջ են եղել, այս խնդիրը նոր չի ծագել, ինչո՞ւ հիմա որոշեցիք հարցը բարձրացնել:
-Չդիմացա: Աշխատանքից դուրս գալով ավելի շատ շփվեցի մարտական ընկերներիս հետ ու մոտիկից տեսա, թե ինչ ծանր պայմաններում են մարդիկ ապրում: Մարդիկ, որ իրենց ամենաթանկ բանը` կյանքը դրել են պատերազմի դաշտում, հայրենիքի պաշտպանությունը նախընտրեցին ընտանիքի ապահովվածությունից, այսօր ընտանիքի տարրական հոգսերը չեն կարողանում հոգալ: Նրանք պատերազմ գնացին` առանց մտածելու ինչ կլինի իրենց հետ, ինչ կլինի իրենց երեխաների ու ծնողների հետ: Չէ՞ որ ամեն մեկը մի ընտանիք կերակրող էր, գնացին ու կարող էին զոհվել: Դեռ հարց է` բախտները բերե՞ց, որ ողջ մնացին, թե չէ: Սա էլ է հարաբերական, քանի որ ողջ են, բայց անկարող են ընտանիք պահել, ուրեմն ի՞նչ արժե իրենց կյանքը: Արժանապատիվ զինվորը իրեն նվաստացած է զգում, երբ չի կարողանում նվազագույն պայմաններ ապահովել սեփական ընտանիքի համար: Զինվորը, որ գնացել ու կյանքը, առողջությունը չի խնայել իր երկրի համար, պիտի հնարավորինս փոխհատուցված լինի, որ խաղաղ կյանքում իրեն անզոր չզգա, նվազագույն անհրաժեշտությունները իր երեխաներին տալու հնարավորություն ունենա:
-Այդքան շա՞տ պրոբլեմներ ունեն ազատամարտիկները:
-Առողջական պրոբլեմներ ունեն, բարոյահոգեբանական պրոբլեմ ունեն` ամենակարևորը: Լքված են զգում իրենց: Ազատամարտիկները կառավարությունից աջակցություն են սպասում, հասկանալով, որ դա հնարավոր է, բայց աջակցություն չկա: Ամբողջ խնդիրը սա է: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր է, բայց չի արվում:
-Ձեզ արդեն մի քանի տասնյակ ազատամարտիկ է միացել, սպասո՞ւմ էիք, որ նման արձագանք կունենա Ձեր բողոքի ակցիան:
-Ավելի շատ մարդիկ են մեզ հետ` հոգով, սրտով, ուղղակի ֆիզիկապես չեն կարող գալ. եթե մարդը հիսուն դրամ չունի, Նոյեմբերյանից, Վարդենիսից ո՞նց գա:
-Ասել էիք, որ ամիսը 5 հազար դրամ եք ատանում որպես ազատամարտիկ, մի՞թե այդքան քիչ է:
-Այո, հինգ հազար դրամ որպես պատերազմի մասնակից եմ ստանում, որը շատ ամոթ է: Ես հայտարարել եմ, նորից հայտարարում եմ` մինիմում սիմվոլիկ, օրինակ, մի 50 հազար դրամ, որպեսզի էդ մարդը, որ չի ստացվել հետո ծառայի հաշմանդամության պատճառով, ստանա նաև իր հաշմանդամի թոշակը ու մի քիչ իրեն մարդ զգա:
-Մինչև հիմա ովքե՞ր են Ձեզ այցելել: Հասարակական կազմակերպություններից, քաղաքական կուսակցություններից այցելություններ եղե՞լ են:
- Հիմնականում իմ մարտական ընկերները, ազատամարտիկներ, 7-8 հասարակական կազմակերպություններից: Իմ մարտական ընկերն է եկել` Առաքել Մովսիսյանը, ՊՆ սոցապ վարչության պետ Սուրեն Հարությունյանը, ով նույնպես իմ մարտական ընկերն է, շատ հարազատ, մտերիմ մարդ: Րաֆֆի Հովհաննիսյանն է այցելել, ՀՅԴ-ից են եկել, նաև` Ժիրայր Սեֆիլյանը: Ես սոցիալական հարց եմ բարձրացրել, և կուսակցություն չկա, որի շարքերում ազատամարտիկներ չլինեն, սա բոլորի խնդիրն է: Ազատամարտիկը կուսակցությունից դուրս երևույթ է, քաղաքականությունից դուրս արժեք է, կռիվը բոլորինս է եղել:
-Չե՞ք կարծում, որ սա պարզունակ հարց է` կա զինվոր, պատերազմի մասնակից, ում վաստակը պետք է գնահատել: Ձեր կարծիքով, ինչո՞ւ մինչև հիմա այս խնդիրը կա, ինչո՞ւ է ազատամարտիկն անտեսված:
-Դուք հեռուստացույց նայում եք, տեսնում եք ինչքան փողեր են գնում աջուձախ` չգիտեմ ինչի համար: Ուրեմն անտեսված ենք, մեզ չեն ընդունում կամ չեն ուզում անեն, կամ սրտացավ չեն, ինչը ազգի բարոյահոգեբանական վիճակն է կոտրում: Միայն ազգասիրության, արդարության մասին խոսելով հո չի՞, գործով պետք է ապացուցեն: Տասից ինը պետք է գոհ լինի: Եթե տասից ինը դժգոհ է , ուրեմն պրոբլեմ կա: Թող չասեն` հնարավոր չի, երկիրը ճգնաժամի մեջ է: Տանկերի դեմ չի կարելի փայտով, քարով կռվել, մենք արել ենք, ապացուցել ենք, որ հնարավոր է փայտով տանկը վերցնել և պատերազմ մղել: Վերցրել ենք խորհրդային բանակից, վերցրել ենք Ադրբեջանից, ու պատերազմում էլ հաղթել ենք: Հիմա մեր կառավարությունը պարտավոր է: Ինչ ուզում են անեն, գիշեր-ցերեկ թող չքնեն, թող աշխատեն: Խելացի մարդիկ կան էնտեղ, թող իրենց մասին չմտածեն, մտածեն իրենց պարտականությունները կատարելու մասին:
-Երկիրը դատարկվում է, արտագաղթը մեծ չափերի է հասել, շատերն են հեռանում: Կա՞ն ազատամարտիկներ, որ գնում են:
-Այո, օրինակ, երկու փոխգնդապետ ունենք, որ զորացրվել են, եղել են գումարտակի հրամանատար, մի ամիս առաջ եմ տեսել իրենց, փաստաթղթերն էին պատրաստում, որ երկրից հեռանան: Գնում են, որովհետև Ռուսաստանի քաղաքացին 80 հազար դրամի փոխարեն ստանում է 7-8 հարյուր դոլար: Ես իրենց չեմ կարող մեղադրել, մարդը ազատ է, ուր ուզի, կգնա, կապրի, բայց երբ սոցիալական վիճակից է գնում, դա արդեն ընդունելի չի:
-Դուք այսօր շատ կարևոր հարց եք բարձրացնում և արդեն Ձեր պահանջ-դիմումը հանձնեցիք կառավարությանը: Ի՞նչ եք սպասում, ի՞նչ կարող է հետևել բացասական պատասխանին Ձեր կողմից, կամ եթե պատասխանը Ձեզ չբավարարի, արդյոք կարող է նստացույցը շարունակվել:
-Ինձ կոնկրետ ժամկետ չեն ասել, թե երբ կպատասխանեն, բայց տվել են իրենց տվյալները: Մի քանի օր` մինչև շաբաթ օրը եկսպասեմ ու կկապվեմ իրենց հետ, կիմանամ պատասխանը: Եթե պատասխանը հեռու լինի իմ սպասելիքներից , կխորհրդակցեմ տղաների հետ և որոշում կկայացնենք: Տարբերակներից մեկն էլ այն է, որ, այո, կարող է նստացույցը շարունակվել` նայած թե ինչ որոշում կկայացնեն ինձ միացած ազատամարտիկները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ